Ցրված տղա Ջովանիի պատմությունը

IMG_8399

_Մա՛մ, գնում եմ զբոսնելու:

_Գնա, Ջովանի, բայց փողոցն անցնելիս զգույշ կլինես:

_Լավ, մամ: Հաջող:

_Դու միշտ էլ այնքան թափթփված ես, որ…

_Հա, մամ: Հաջող:

Եվ Ջովանին ուրախ-ուրախ տանից դուրս թռավ:

Սկզբում նա շա՜տ ուշադիր էր: Անընդհատ կանգնում էր, շոշափում էր ինքն իրեն.

_Ամեն ինչ տեղո՞ւմ է, ոչ մի բան չե՞մ կորցրել,- ասում էր ու ինքն իրեն ծիծաղում:

Նա այնքան գոհ էր ուշադրությունից, որ ուրախությունից ճնճղուկի նման թռվռում էր: Հետո սկսեց ցուցափեղկերը դիտել,  մեքենաներին նայել, ամպերին, և պարզ է չէ՞, անախորժություններն սկսվեցին:

Մի շատ քաղաքավարի սինյոր թեթև նախատեց նրան.

_ Էս ի՜նչ թափթփված ես դու, այ տղա: Տես, դու մատերդ կորցրել ես:

_Վա՜յ, ճիշտ որ: Էս ի՜նչ թափթփված եմ ես:

Եվ Ջովանին սկսեց իր մատերը փնտրել: Բայց մի դատարկ բանկա գտավ: Դատա՞րկ:   Տեսնես առաջ  ինչ է եղել դրա մեջ, հո միշտ դատարկ չի՞ եղել…Ջովանին արդեն մոռացել էր, որ ինքն իր մատները պիտի փնտրեր: Հետո նա արդեն բանկայի մասին էլ մոռացավ, որովհետև հանկարծ մի կաղ շուն տեսավ:

Նա ընկավ շան ետևից, բայց չէր հասցրել միչև տան ետևը վազել, երբ կորցրեց ձեռքը: Կորցրեց ու չնկատեց էլ: Վազում է իր համար, ոնց որ ոչ  մի բան չի էլ եղել:

Մի բարի մորաքույր կանչում է նրա ետեևից.

_ Ջովանի՜, Ջովանի՜: Ձեռքդ կորցրել ես:

Նրա պետքն էլ չէր, նույնիսկ չլսեց էլ:

_Դե լավ, ոչինչ, -որոշեց բարի կինը, -ձեռքը կտանեմ մորը կտամ:

Եվ նա գնաց Ջովանիենց տուն:

_Սինյորա, ահա ձեր տղայի ձեռքը:

_ Այ թափթփվածի մեկը: Չգիտեմ ինչ անել այդ ցրվածին:

Այսպիսի ցրված մարդ կյանքումս չեմ տեսել:

_Այո, իհարկե: Բայց աշխարհի բոլոր երեխաներն են այդպիսին:

Մի քիչ հետո   ուրիշ բարի տիկին եկավ:

_Սինյորա, ես ինչ-որ մեկի ոտքն եմ գտել: Կարո՞ղ է սա Ձեր Ջովանիին է:

_ Դե իհարկե նրանն է: Ծակ ոտնամանից ճանաչեցի: Էս ինչ ցրված տղա ունեմ: Չգիտեմ ինչ անեմ նրան:

_Այո, իհարկե:   Բոլոր երեխաներն են այդպիսին:

Մի քիչ էլ ժամանակ անցավ. և ջովանիենց տուն հերթով եկան տարբեր մարդիկ. Մի ծեր տատիկ, բուլկիներ բաժանողը, վագոնավար և նույնիսկ մի թոշակառու ուսուցչուհի: Բոլորը Ջովանիի ինչ-որ մասն էին բերում՝ մեկը՝ ոտքը, մեկը՝ ականջը, մեկը՝ քիթը:

_Աշխարհում իմ տղայի նման ցրված տղա չկա,- բացականչեց մայրը:

_Ինչո՞ւ եք զարմանում, տիկին, բոլոր երեխաներն են այդպիսին:

Վերջապես հայտնվեց նաև ինքը՝ Ջովանին ` թռչկոտելով մի ոտքի վրա, բայց ինչպես միշտ ճնճուղի նման ուրախ ու համարձակ: Իսկ մայրիկը միայն գլուխն էր թափ տալիս: Հետո նրանհավաքեց- կարգի բերեց և համբուրեց:

_Ամեն նչ տեղում է, մամ: Ոչ մի բան չե՞մ կորցրել: Տեսնո՞ւմ ես՝ ինչ տղա եմ:
_Այո՜, դրանից լավ չի լինում:

Оставьте комментарий